Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ազատ-անկախ Հայաստան՝ Հունիսի 1-ը մեր փողոցում

Ազատ-անկախ Հայաստան՝ Հունիսի 1-ը մեր փողոցում
02.06.2017 | 09:48

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է՝ պաշտոնական ու անպաշտոն միջոցառումների օրը: Ամեն տարի մեր շենքի դիմաց ժամը մեկից սկսվում էր շատ տոնական միջոցառում՝ դիմացի ռեստորանային համալիրում նշում էին երեխաների տոնը՝ ներսում ովքեր էին լինում ու ինչ էին անում՝ ամբողջ թաղամասը լսում էր բարձրախոսով՝ մի քանի ժամ խլանալով անկապ ճիչ ու աղմուկից, որ հինգ րոպեն մեկ ընդմիջվում էր Կոկորդիլոս Գենայի մասին երգով: Ամբողջ սրտով սկսում էի ատել Գենային ու կոկորդիլոսներին ընդհանրապես ու երբ երեկոյան վեցի կողմերը աղմուկը դադարում էր, հասկանում էի՝ ինչ է երջանկությունը:

Այս տարի երջանկությունը լրիվ էր՝ ոչ մի աղմուկ, ոչ մի կոկորդիլոս՝ մանկապարտեզների տնօրենները հանգստանում էին, երևի: Համարյա մոռացել էի, որ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապես: Եվ, այնուամենայնիվ, 2017-ի հունիսի 1-ը նշանավորվեց՝ երեխաների… քայլերթով: Տղա-աղջիկ միասին՝ ձեռք ձեռքի կանոնավոր շարքով անցան մեր փողոցով՝ զիլ վանկարկելով «Ազատ-անկախ Հայաստան»: ՈՒմի՞ց էին նրանք ուզում ազատվել ու անկախանալ՝ դժվար է ասել, բայց այնքան ոգևորված ու բարձր էին «Ազատ-անկախը» վանկարկում, որ պատուհանի առաջ կանգնած՝ մնում էր ծիծաղել:
Հետո դիմացի շենքից ինչ-որ մեկը ձեռքով նրանց ողջունեց ու բացականչեց՝ «Ելք կա», երեխաները ոչ մի ուշադրություն չդարձրին ու շարունակեցին «Ազատ-անկախ Հայաստանի» իրենց ազատ-անկախ երթը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն ելք կա, թե չկա, հետաքրքրում է միայն մեծերին, իսկ երեխաների համար արժեքը ազատ, անկախ Հայաստանն է: Չգիտեմ ինչու՝ ծիծաղս արդեն չէր գալիս:

Դիտվել է՝ 21245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ